187 մլն դրամով կվերակառուցեն արջերի և գայլերի նոր ազատավանդակները

Երևանի կենդանաբանական այգու արջերի և գայլերի նոր ազատավանդակի վերակառուցման աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է մոտ 187 միլիոն 500 հազար դրամ:

Նոր ազատավանդակի վերակառուցման աշխատանքների համար դիմել են երկու ընկերություն՝ «Բիդեք» և «Հիդրովերանորոգում» ՍՊԸ-ները: Վերջինիս հայտում նշված գումարն ավելի քիչ է եղել՝ մոտ 127 միլիոն դրամ: Սակայն, հաղթող չի ճանաչվել, քանի որ «վճարման պահանջագիրը չի համապատասխանում վճարման պահանջագրի պարտադիր վավերապայմաններին և լրացման կարգին»:

Արդյունքում պայմանագիրը կնքվել է թանկ գին առաջարկող «Բիդեք» ՍՊԸ-ի հետ: Վերջինիս սեփականատերը՝ Գառնիկ Ավետիսյանը, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմ ընկերն է: Վերջինս նույնիսկ ուղեկցում է պատգամավոր Սեդրակյանին արտերկրյա ուղևորությունների ժամանակ: Լուրեր են շրջանառվում, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է պատգամավորին, սակայն գրանցված է ընկերոջ անունով:

Երևանի քաղաքապետարանը աշխատանքների կատարման նախահաշվային գինն ավելի բարձր է սահմանել՝ մոտ 189 մլն դրամ: Սակայն «Բիդեքը» 2 մլն դրամի «զեղչ» է արել: Աշխատանքների կատարման վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 20-ն է:

Հավանաբար պատգամավոր Սեդրակյանի գործոնն է դեր խաղում, որ «Բիդեք» ՍՊԸ-ն գրեթե անարգելք մասնակցում է պետական գնումներին և հաղթող դուրս գալիս:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի տարածքի օժանդակ մասնաշենքերում հիմնանորոգման, վերակառուցման հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքների մասով 2014թ. հայտարարված մրցույթում ևս հաղթել էր «Բիդեք» ՍՊԸ-ն: Այս աշխատանքներն ավարտվել են 2015թ-ին: Ազգային ժողովի 2015թ-ի գնումների պլանով, երկու առանձին գնումով, 83 մլն դրամ էր նախատեսված հենց այդ շենքերի և շինությունների վերանորոգման համար:

Նշենք, որ 2014թ. Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին «Բիդեք» ՍՊԸ-ն կառուցել է 253 հատ թեքահարթակ: Իսկ 2015թ. ծրագրերի շրջանակներում «Բիդեք» ընկերության հետ կնքվել է 39,1 մլն դրամի պայմանագիր` 285 թեքահարթակների կառուցման համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում