«Գիտությունը համբերատարության կարևորագույն դպրոցներից մեկն է»․ երիտասարդ գիտնական

ԳԻՏՆԱԿԱՆԸ/Վարդան Ասատրյան - ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

«Գիտությունը քեզ էմոցիոնալ այնպիսի առավելություններ է տալիս, որոնցով դու բավարարված ես զգում քեզ առօրյայում։ Պարտադիր չէ, որ առավոտից գիշեր աշխատես ինչ-որ IT ֆիրմայում, ստանաս մեծ փող ու երբեք բավարարված չլինես։ Գիտությունը քեզ կտա բազմազանություն, ազատություն, որովհետև գիտությունը առաջին հերթին ազատություն է՝ և՛ ստեղծագործ, և՛ որոշակի ժամանակային ազատություն»,- «Գիտնականը» հաղորդաշարի ընթացքում ասում է գիտաշխատող Վարդան Ասատրյանը։

Նա ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող է։ Վարդանն իր 34 տարեկան հասակում արդեն 60-ից ավել գիտական հրատարակություններ ունի։ Վարդան Ասատրյանը մասնագիտությամբ աշխարհագետ, գեո-էկոլոգ է։

Վարդանը չի լքել աշխարհագրությունը և զուգահեռ դասավանդում է Քվանտ վարժարանում, բացի այդ՝ աշխարհագրության օլիմպիադայում մարզում է Հայաստանի հավաքականը։ Նա շատ հպարտանում է իր սաներով և նշում․ «Վերջին 2 տարիներին ունենք նշանակալի հաջողություններ․ մենք պատմության մեջ 1-ին անգամ կարողացանք ապահովել Հայաստանի համար մեդալներ։ Մեր տարածաշրջանի երկրներից ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը, ո՛չ Ադրբեջանը, Վրաստանը անգամ չի մասնակցում, բայց նրանք մեդալ չեն ապահովում։ Մենք կարողացել ենք 2 բրոնզե մեդալ բերել, ինչը համարժեք է Ֆրանսիայի արդյունքին։ Մենք ունենք այնպիսի հիմք, որը մի քանի տարի հետո կարող է Հայաստանի անունն էլ ավելի բարձրացնել միջազգային ասպարեզում»։ 

Վարդան Ասատրյանը Կենտրոնի կողմից իրականացվող մի շարք խոշոր ծրագրերի մասնակից է և ընդգծում է, որ նախորդ տարի կենտրոնն ունեցել է 2 նշանակալի հաջողություն, իրականացվելու է ևս 2 խոշոր ծրագիր։ Խոսելով Հայաստանի կենսաբազմազանության մասին, Վարդան Ասատրյանն ասում է, որ այն իսկապես շատ յուրահատուկ է։

Այժմ, Վարդան Ասատրյանն ու նրա կոլեգաները աշխատում են կենդանիներին շտրիխ կոդերով օժտելու ծրագրի ուղղությամբ․ Կենտրոնը վերջին 3 տարիների ընթացքում Գերմանիայի և Վրաստանի գործընկերների հետ իրականացնում է լայնամաշտաբ ծրագիր (Կովկասի կյանքի շտրիխ կոդ-CABOL), որի արդյունքում Հայաստանի կենսաբազմազանության 10-յակ հազարավոր նմուշներ կունենան գիտական թվային նկարագրություն և կստանան իրենց յուրահատուկ շտրիխ կոդը։ 

«ԴՆԹ վերլուծություն, որը թույլ է տալիս տարբերակել միմյանցից նույնիսկ արտաքնապես իդեալականորեն համընկնող 2 կենդանիների։ Այսինքն, ինչպես այդ հաջորդականությունը, որն ամբողջական ինֆորմացիա է պարունակում տեսակի մասին, վերածել, մարդկային լեզվով ասած, scan անելու համար հարմար շտրիխ կոդի, որի միջոցով կարող է յուրաքանչյուր մարդ ինֆորմացիա քաղել, թե ինչ է այդ տեսակն իրենից ներկայացնում, որտեղ է գտնվել, ինչպիսին է արեալը, էկոլոգիան»,- մեզ հետ զրույցում պատմում է Վարդանը՝ շարունակելով,- «Մենք այսօր ունենք աշխարհի գիտությանը և մարդկությանը մատուցելու հսկայական նյութ, որը դեռևս բացահայտված չէ»։

Խոսելով գիտության խնդիրների մասին Վարդան Ասատրյանն ասում է, որ երկար տարիներ խնդիր է եղել թերֆինանսավորումը, որը դեռ ակտուալ է, բայց ինչպես ասում է նա, այժմ համեմատելու եզրեր անգամ չկան։ Նախկինում դժվար էր նույնիսկ տարրական գիտական արշավի համար ֆինանսավորում գտնել։ 

«Մենք ունենք գիտնականի քանակի, հետո որակի խնդիր։ Մենք ունենք բյուրեղներ, անհատներ, ունենք գիտության մեջ ինչ-որ ուղղություններ, որոնք միգուցե էս պահին դեռ ի վիճակի են ոտք մեկնելու, միանշանակ հավասարը հավասարին գործելու, բայց մենք իրականում ունենք շատ փոքր այդպիսի վիճակ։ Տարիներ շարունակ մենք ունեցել ենք ուղեղների արտահոսք, իսկ հիմա մենք մտածում ենք մեխանիզմներ և պետությունը վերջին տարվա կտրվածքով բավական ինտենսիվ ներդնում է այդ մեխանիզմները, որպեսզի մենք դրսից հետ բերենք գիտնական»,- մանրամասնում է գիտնականը՝ եզրափակելով․ «Գիտությունը համբերատարության կարևորագույն դպրոցներից մեկն է, եթե դու այդ համբերատարությունը չունեցար, վաղ թե ուշ գայթակղվելու ես, ամեն ինչ թողնելու ես և դեռ հայտնի չէ երբևիցե հետ կգաս, թե՝ չէ»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում