Արևային ջրատաքացուցիչներ՝ Արցախի Հաղորտի գյուղի բոլոր 42 ընտանիքներին

Արցախը քանի որ չունի հանածո վառելիքի պաշարներ, նավթային Ադրբեջանի դեմ այսօր կարող է պայքարել արևային էներգիա գեներացնելով՝ այդպիսով ունենալով էներգետիկ անկախություն։ 2020 թ.-ի պատերազմից հետո Արցախի շատ շրջաններում տաք ջուր չունենալը, հոսանքի հաճախակի անջատումները էլ ավելի սրեցին այս խնդիրը։

Այդ նպատակով «ռեԱրմենիա»-ի կողմից հիմնադրված «Վյուն» գործակալությունը նախաձեռնել է «Արևային Արցախ» ծրագիրը։ Նպատակը էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով Արցախում վերականգնվող էներգետիկայի զարգացումն է։ Ծրագրի մեկնարկն արդեն տրվել է «Արևային Հաղորտի» դրամահավաքի նախագծով, որի իրականացմամբ Մարտունու շրջանի չգազաֆիկացված Հաղորտի գյուղի բոլոր 42 ընտանիքները կունենան մշտական տաք ջուր արևային ջրատաքացուցիչների միջոցով։ 

Անհրաժեշտ է հավաքել 9,489,800 դրամ։ Դրամահավաքի արդյունքում արդեն հավաքվել է 17 արևային ջրատաքացուցիչի գումար։ Ջրատաքացուցիչների գումարի 50%-ը սուբսիդավորելու է ԱՀ կառավարությունը, 13%-ը ֆինանսավորվելու է բնակիչների կողմից, իսկ մնացած 37%-ը նախատեսվում է հավաքել հանրային դրամահավաքի միջոցով։

«Արևային Հաղորտի» սոցիալական նախագծի շուրջ արդեն միավորվել են հետևյալ ընկերությունները՝ ԱՀ կառավարություն, «ռեԱրմենիա» հարթակ, «ԷկոՎիլ» ընկերություն, «Հաղորտիի զարգացման հիմնադրամ», «Ես» կրթական հիմնադրամ, Հաղորտիի համայնքապետարան, «Վյուն» գործակալություն։

Մեկ անգամ այցելելով Հաղորտի՝ կհիանաք գյուղացիների աշխատասիրությամբ, տեխնոլոգիական նորարարություններով և ջերմ հյուրնըկալությամբ։ Հաղորտեցիները՝ կառուցել են տեխնոլոգիան բարձր կրթություն ապահովող «Մունք» տեխնոդպրոց, հիմնել են տեխնոլոգիական ընկերություն՝ «Start systems»-ը՝ պատվերներ ստանալով տարբեր երկրներից, զարգացնում են գյուղի էկոտուրիզմը, կազմակերպում են ամենամյա կրթական ճամբարներ, շաբաթօրյակներ։

Ձևավորում են ինքնաբավ համայնք՝ տնտեսապես ինքնուրույն, իրենք իրենց խնդիրները լուծող համայնք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում