Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտում կարևոր նախագիծ ընդունեց

Այսօր՝ հունիսի 1-ին, տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի կարևոր բնապահպանական խնդիրներ: Քննարկվել է նաև Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ներկայացված «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: 

Սկզբում նախարար Գրիգորյանը ներկայացրեց մի քանի կարևոր կետ որոշման նախագծի հետ կապված« Ըստ էության խոսք է գնում մի քանի միջոցառումների մասին, որոնց իրականացումը և օրենսդրական փոփոխություններով հստակեցումը կբերի ռեկուլտիվացիոն ֆոնդի միջոցների առավել արդյունավետ կիրառմանը, մասնավորապես, կցանկանայի նշել 4 կետեր: Առաջինը՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման և հրաժարման հավաստագրերի տրամադրման գործընթացն է, որի փոփոխության պարագայում պետք է նաև այս գործընթացում ներառվի ԲՆ, որպեսզի ռեկուլտիվացիոն աշխատանքների վերջնահաշվարկներն արվեն: Երկրորդը՝ խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացիային է վերաբերում: Ըստ էության ռեկուլտիվացիայի իրականացման ժամանակ շատ դեպքերում, քանի որ չկա համապատասխան կարգը, ուղղակի հողային շերտի շատ փոքր մասով ծածկվում է և համարվում է, որ դռեկուլտիվացիոն աշխատանքներ են կատարվել, սակայն ռեկուլտիվացիայի համար նաև կենսաբանական մաքրում է պետք այդ խախտված հողերի, ինչպես նաև բավական տեխնիկական լուծումներ կան, որպեսզի այդ հողերը վերադառնան գյուղատնտեսական հաշվեկշիռ և օգտագործվեն հետագայում այլ նպատակների համար»,- մանրամասնեց նա:

Երրորդ կարևոր կետն, ըստ նախարարի, վերաբերում է ինդեքսացիայի հարցերին: Վերջինս մանրամասնում է, որ ռեկուլտիվացիայի համար վճարվող գումարները հաշվարկվում են և նշվում են պայմանագրով: «Ընթացքում ինֆլյացիայի հետ կապված, գների փոփոխության հետ կապված այդ գումարներն ուղղակի բավական չեն լինում իրականացնելու ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Այսինքն, այս միջոցառումների արդյունքում կհստակեցվի նաև ինդեքսավորման կարգը: Եվ 4-րդը. մինչև հիմա նախատեսվում էր, որ ռեկուլտիվացիոն աշխատանքները զուտ ռեկուլտիվացիա կարող են լինել, սակայն նաև հնարավորություն է տրվում, որ որոշակի դեպքերում իրականացվեն բիզնես ծրագրեր: Այսինքն, եթե կան դեպքեր, որ այդ տարածքներում հնարավոր է որոշակի գործունեություն իրականացնել, օրինակ՝ խորշերում լճեր կառուցել, հանգստի գոտիներ և այլն, ապա հնարավորություն է տրվում նաև այլ մասերում, որտեղ դա իրականանալի է, իրականացվի միջոցառումներ, միևնույն ժամանակ մյուս տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքները պետք է ամենայն մանրամասնությամբ իրականացվեն»,- նշեց նա: 

Վարչապետի ճշգրտող հարցին, նախարարը պատասխանեց. «Խնդիր ունենք նաև այս գումարների հավաքագրման հետ կապված, որը Ձեզ զեկուցել ենք: Խնդիրն այն է, որ հանքարդյունաբերական գործունեությունը պետք է դառնա իրոք ժամանակավոր գործունեություն, այսինքն՝ աշխատանքի վերջում նախկին տեսքի, վիճակի բերելու բոլոր աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որպեսզի այդ տարածքները վերադառնան հողային հաշվեկշիռ և օգտագործվեն այլ նպատակներով»: 

Վարչապետի հարցին, թե ինչու չեն հավաքագրվել այդ գումարները մինչ այժմ, Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ԲՆ ուղղակի կապ չի պաշտպանում հանքարդյունաբերողների հետ և այս դեպքում լիազոր մարմինը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է: Ցուցակը ներկայացվել է և՛ նշված նախարարությանը, և՛ Դատախազություն այս պահին այդ վճարումների գործընթացն իրականացնելու համար: Խոսքը գնում է մոտ 500 մլն դրամ չկատարված վճարների մասին: Մեր տվյալների համաձայն, մոտ 330 մլն դրամ չվճարված պարտավորություններ ունեն մետաղական հաքերը, իսկ 170 մլն՝ ոչ մետղականները»: 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ գործընթացն արդեն սկսված է. «Այդ գումարիների մասով, ասեմ, որ Վերահսկիչ պալատը նույնպես իր կողմից կատարել է ուսումնասիրություն և համապատասխան հաշվետվություն ներկայացրել է: Խոսքը գնում է մոտավորապես 300 մլն դրամի մասին»:

Ներկայացված «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը միաձայն ընդունվեց: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում