Օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կնվազի 2,58 դրամով, իրականում այն կթանկանա 4,35 դրամով

Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով: Նման ոորոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում:

Ըստ այդմ, տնային տնտեսությունների համար մեկ կՎտ/ժ-ի սակագինը ներկայիս 48,78 դրամից կդառնա 46,20 դրամ (ցերեկային) եւ 38,78-ից մինչեւ 36,20 դրամ` գիշերային:

Հատկանշական է, որ իրականում ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչների համար սակագինը կբարձրանա, որովհետեւ մինչեւ օգոստոսի 1-ը ուժի մեջ է էլէներգիայի սակագնի սուբսիդավորման որոշումը, ըստ որի, կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը: Այսինքն մինչեւ օգոստոսի 1-ը մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառողները վճարում էին մեկ կվտ/ժամի համար 41,85 դրամ, իսկ հիմա սակագնի «նվազումից» հետո ստիպված են լինելու վճարել 46,2 դրամ: Նրանց համար էլեկտրաէներգիայի սակագինը կաճի 4,35 դրամով:

Դա տեղի չի ունենա միայն այն դեպքում, եթե կառավարությունը որոշի շարունակել սուբսիդավորումը: Սակայն նույնիսկ այդ դեպքում, 250 կվտ/ժամից պակաս էլէկետրաէներգիա սպառողների համար, լավագույն դեպքում, սակագինը կմնա անփոփոխ, նվազում տեղի չի ունենա: Կնվազի սուբսիդավորման չափը:

Էլէներգիայի սակագինն, իրականում, օգոստոսի 1-ին 2,58 դրամով կնվազի այն սպառողների համար, որոնց ամսական ծախսը ավելի է 250 կվտ/ժամից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում