Որո՞նք են Սևանա լճի ճահճացման պատճառները

Սևանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության և ողջ Կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: Սակայն այսօր Սևանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ` լճի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամբ գտնվող քաղաքների, ինչպես նաև լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: Այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ:

1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ:  

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել են, որ լճի ճահճացման հիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումը: Լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4C հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: Այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: Եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: Ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտը:

Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև Բալթյան ծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար: Այս պահանջը սահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում:

ՀՀ իշխանությունները նախատեսում են, որ Սեւանը 1903,5մ նիշին կհասնի 2031թ.: Ծովի մակարդակից բարձր մինչեւ 1905մ Սեւանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967 բնակելի շինություններ: Այդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքի կադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ը անօրինական կերպով են կառուցվել: Ապօրինի շինությունների համար պետությունը որեւէ փոխհատուցում չի նախատեսում: Ըստ որոշ տեղեկությունների` խորհրդային տարիներին Սեւանա լճի մակարդակը իջեցնում էին` պատճառաբանելով, որ մեծ քանակությամբ ջուր է անիմաստ գոլորշիանում: Այսօր էլ լճի ջուրը բաց են թողնում` պատճառաբանելով ոռոգման ջրի պակասը: Սակայն իրական պատճառը օլիգարխների` Սեւանի ափին կառուցած առանձնատները ջրի տակ մնալուց փրկելն է:

Չնայած իշխանությունների ջանքերին` լճի մակարդակը բարձրանում է, և ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցված առանձնատները:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում