Վաղենակ. ՀՀ Բույսեր

Վաղենակ (լատ.՝ Calendula), նարգիզ, կալենդուլա, աստղածաղկազգիներ ( բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 տեսակ։

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ պարսկական (լատ.՝ calendula persica)։

Տարածում

Հանդիպում է Սյունիքի մարզում (Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գետի մերձակայքում, Ծավ գետի ափին)։ Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Մշակության մեջ բոլոր մարզերում տարածված է վաղենակ դեղատուն (լատ.՝ calendula officinallis)։ Լավ աճում է բոլոր տիպի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 5(10)-20(30) սմ։ Տերևները հերթադիր են, երկարավուն հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ։ Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական, երկար ծաղկակիրների վրա։ Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ։

Ծաղկում է հուլիս-նոյեմբերին։ Պտուղը տարբեր չափերի, աղեղնաձև ծռված սերմիկ է։

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո և մակրոտարրեր և այլն։

Նշանակություն

Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում։ Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ։ Գեղազարդիչ է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում