Միջերկրածովային բազե. Հայաստանի Կարմիր գիրք

Միջերկրածովային բազեն Բազեների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Սակավաթիվ, քիչ ուսումնասիրված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից մինչև Փոքր Ասիա և Անդրկովկաս:

Տարածվածությունը Հայաստանում: Հայաստանում բնադրում է կենտրոնական մասում:

Ապրելավայրերը: Լայն կիսաանապատային և լեռնատափաստանային տեղամասերի հետ հերթափոխվող ոչ բարձր ժայռոտ լեռներ խորշերի և ժայռեզրերի առկայությամբ:

Կենսաբանության առանձնահատկությունները: Բույնը. ժայռաքիվերին, խորշերում, ծառերի վրա, սովորաբար, ուղիղ արևի ճառագայթներից պաշտպանված հատվածներում, կարող է օգտագործել այլ գիշատիչների հին բներ: Ձվերը՝ 50 մմ, 3–4, սպիտակ, կարմրագորշ պտերով: Ձվադրում են տարեկան մեկ անգամ, հավանաբար, մարտի առաջին կեսին–ապրիլի սկզբին: Դնում են, սովորաբար, 3–4 ձու: Զարգացումը` մեկ ամիս: Ձագերը դուրս են գալիս ապրիլի վերջին–մայիսի սկզբին: Սնվում են հիմնականում թռչուններով:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Կերային ռեսուրսները խիստ կրճատվել են, հիմնականում քարակաքավների թվաքանակի կրճատման հետևանքով:Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն: Հավաստիորեն հայտնի է միայն մեկ զույգի առկայությունը:

Վտանգման հիմնական գործոնները: Հավանաբար, կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների հողերի ինտենսիվ յուրացումը գյուղատնտեսական նպատակներով և թունաքիմիկատների օգտագործումը, որը բացասական է ազդում ինչպես վերարտադրողական ունակությունների, այնպես էլ անմիջապես հասուն թռչունների վրա: Բացասական ազդեցություն ունի նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է բացահայտել և խստորեն պահպանել միջերկրածովային բազեի բները Հայաստանի ամբողջ տարածքում: Նվազեցնել մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում