Աղավնաբազե. Հայաստանի Կարմիր գիրք

Աղավնաբազեն Բազեների ընտանիքին պատկանող թռչուն է։

Կարգավիճակը: Հազվագյուտ, անհետացող, սակավաթիվ և քիչ ուսումնասիրված տեսակ է, Հայաստանում` չվահյուր և ձմեռող: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Տվյալների անբավարարություն» կատեգորիա` DD:

Տարածվածությունը: Ենթատեսակը տարածված է Հյուսիսային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր:

Տարածվածությունը Հայաստանում: Առավելապես չվահյուր` Երևանի շրջակայքում և Հրազդանի շրջանում, նաև՝ ձմեռող:

Ապրելավայրերը: Հիմնականում կիսաանապատային գոտու բաց տարածություններ ծառերի խմբերի առկայությամբ, հաճախ` թփուտների առկայությամբ գետերի հովիտներում: Հայաստանում ապրելավայրերը զգալիորեն քայքայվել են գյուղատնտեսական նպատակով այդ տեղամասերի յուրացման հետևանքով:

Կենսաբանության առանձնահատկությունները: Հայաստանում չի բնադրում: Տարեկան ձվադրում է մեկ անգամ` 2–5 ձու: Սնվում է, հիմնականում, թռչուններով: Անազատ պայմաններում բազմացման վերաբերյալ տվյալներ չկան:

Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Թվաքանակի արդի վիճակը գնահատելու համար տվյալները բավարար չեն, սակայն հանդիպումները կրում են կանոնավոր բնույթ:

Վտանգման հիմնական գործոնները: Վտանգման գործոնները բավարար ուսումնասիրված չեն, սակայն հնարավոր վտանգ է ներկայացնում որսագողությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում որսորդական թռչունների վաճառքով զբաղվողների գործունեությունը, որը բներից ձագերին հանելու և հասուն թռչուններին բռնելու վտանգ է ներկայացնում:

Պահպանության միջոցառումները: Անհրաժեշտ է հաշվառել թվաքանակը ձմեռման վայրերում և հետազոտել մարդածին գործոնների ազդեցությունը պոպուլյացիայի վրա` հետագայում տեսակը և ապրելավայրերը պահպանելու նպատակով: Անհրաժեշտ է լայնորեն պրոպագանդել տեսակի պահպանման անհրաժեշտությունը և մեծացնել տուգանքի չափը ապօրինի որսի համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում