«Ոչ սովորական» դատական նիստ

Ապրիլի 14-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ լուսանկարիչ, բնապահպան Եղիա Ներսեսյանի դեմ ուղղված «Դենո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության դատական հայցի քնննությունը:

    Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունը դատի էր տվել Եղիա Ներսեսյանին` վերջինիս մեղադրելով զրպարտության մեջ: Բանն այն է, որ 2012թ.  դեկտեմբերի 8 -ին  ակտիվիստ Ե. Ներսեսյանը ելույթ է ունեցել   ԱՄՆ  Կալիֆորնիա նահանգի  Գլենդելի երիտասարդական  կենտրոնում ՀՅԴ  Երիտասարդական միության կողմից կազմակերպված «Ակտիվիզմ, բնապահպանություն եւ ժողովրդավարության կառուցում» միջոցառմանը: Միջոցառումը նկարահանվել է և տարածվել  youtube սոցիալական ցանցով: Տեսանյութի   22-րդ րոպեին  Եղիա Ներսեսյանը  նշել էր. «Գիտեք չէ,  Կապանում Կանադական Գոլդ մայնինգ կա, էլեկտրաշոկով բանվորներին հոսանքի են տալիս, որ  24 ժամ չքնեն, որ կարողանան աշխատել»:

   Այս անգամ նիստին ներկա էին ինչպես  պատասխանող կողմը` Եղիա Ներսեսյան, փաստաբաններ Տիգրան Եգորյան և  Լուսինե Հակոբյան, այնպես էլ  հայցվոր կողմը՝ «Դինո Գոլդ Մայնինգ  Քամփնի» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայան, փաստաբաններ Սեդրակ Ասատրյան  և Գևորգ Հակոբյան:

   Նախ նշենք, որ մի խումբ ակտիվիստներ, ինչպես նախորդ անգամ, երբ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության ներկայացուցիչ Սեդրակ Ասատրյանը չէր ներկայացել` պատճառաբանելով, թե հիվանդ է, այս անգամ ևս բնապահպանները հավաքվել էին դատարանի դիմաց և ամոթանք էին տալիս ոսկիների մեջ լողացող ընկերության արարքը` վերջինիս մեղադրելով Հայաստանը թալանելու և պոչամբարների մեջ թաղելու մեջ:

      Եղիա Ներսեսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը դատավոր Արմեն Դանիելյանին խնդրեց ավելի մեծ դահլիճ տրամադրել, որպեսզի լրագրողները կարողանան պատշաճ և մարդավայել կերպով լուսաբանեն ընթացքը, ինչպես նաև որպեսզի դրսում հավաքված ամբողջ հանրությունը հնարավորություն ունենա  նիստերի դահլիճում  գտնվելու` այսպիսով ապահովելով նիստի հանրայնությունը:

   Նիստը նախագահող Արմեն Դանիելյանը նպատակահարմար գտավ միայն դահլիճի փոքրության պատճառով չհետաձգել  նիստը` խոստանալով հաջորդ նիստն ավելի մեծ դահլիճում անցկացնել: Այնուհետև  Սեդրակ Ասատրյանի  նյարդերը տեղի տվեցին, «Սա սովորական դատ չէ»,- ասաց նա ու չկարողացավ հիմնավորել և պատասխանել դատավորի հարցին, թե ինչով է այն անսովոր, հետո էլ   դժգոհեց ակտիվիստների աղմուկ-աղաղակից, որը  նա որակեց որպես դատարանի վրա ճնշում, սակայն դատավորը չընդունեց, որ դրսում գտնվող ակտիվիստները խանգարում են դատական նիստը` առաջարկելով ընդամենը փակել պատուհանը և նստել առանց այն էլ տոթ սենյակում:

       «Դինո Գոլդ Մայնինգ»  ՓԲԸ-ի   փաստաբան Գևորգ Հակոբյանը իր ելույթում  նշեց, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի վերաբերյալ Եղիա Ներսեսյանը հրապարակել և  տարածել է սուտ  տեղեկություններ, ընկերությունն այդ մասին  իմացել է  2012թ.  դեկտեմբերի  20-ին  Հասմիկ Մկրտումյանի` Հրաչ Ջաբրայանին ուղղված  նամակից: Հրաչ Ջաբրայանը  հենց նույն օրը ներկայացուցիչների միջոցով  ֆեյսբուք  սոցցանցով դիմել է  Ե. Ներսեսյանին ` խնդրելով  պարզաբանել և հերքել  սուտ տեղեկությունները: Ակտիվիստ Ե. Ներսեսյանը համաձայնություն է  հայտնել տալ պարզաբանումներ, համաձայնել է  հանդիպել  և  քննարկել  իրավիճակը: Դրանից հետո հայցվոր ընկերության շահերը պաշտպանող  «Կոնցեռն Դիալոգ»  փաստաբանական ընկերությունը  հրավիրել է Ե. Ներսեսյանին իր գրասենյակ`  հարցը քննարկելու համար: «Եղիա  ներսեսյանն այցելել է   փաստաբանական գրասենյակ  հունվարի 16-ին, նրան խնդրել ենք  մինչև ամսի   18-ը տալ պատասխան, ինչը  չի արվել»,-ասաց փաստաբանը:  Ընկերությունը  2013 թ.  հունվարի   18-ին դատարան է ներկայացրել հայցադիմում`   զրպարտություն  համարվող փաստացի տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու   և   1 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:  Նա  նշեց նաև հայցի իրավական հիմքերը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը:

       Պատասխանող կողմը նշեց, որ հայցը պետք է մերժվի, քանի  որ դատարանի կողմից հայցը բավարարելը կհանդիսանա միջամտություն խոսքի ազատության իրավունքի  նկատմամբ: Մասնավորապես Տ. Եգորյանը մեջբերեց     ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի խոսքի, տեղեկություններ և գաղափարներ փնտրելու և տարածելու ազատ իրավունքը, Սահմադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասը, որով միջազգային պայմանագրերը ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում,  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու և այն ազատորեն արտահայտելու իրավունք ունի:

        «Ակնհայտ է, որ պատասխանողի հրապարակած տեղեկությունները պայմանավորված են հանրային շահով, քանի որ հայցվոր ընկերության մասշտաբի  ընկերության կողմից հանքափորների նկատմամբ անօրինական և անմարդկային վերաբերմունքի որևէ դրսևորում չի կարող չմտահոգել հայ հանրությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ  սփյուռքում: «Խնդրո առարկա հրապարակումը  բխել է ինչպես  մամուլում արված մի շարք հրապարակումներից, այնպես էլ իր և իր գործընկերների  Սյունիքի մարզ կատարած այցելությունների ընթացքում  նրան տեղի բնակիչների հայտնած տվյալներից:  Մասնավորապես Տ. Եգորյանը  մեջբերեց 1in.am  կայքի «Էլեկտրաշոկ Կապանում»   վերնագրով հոդվածը, որը հայցվոր ընկերությունը հերքելու պահանջ  ոչ  միայն չի  ներկայացրել, այլև ընկերության  ներկայացուցիչները  տվել են պարզաբանումներ, թե էլեկտրաշոկ պետք է կիրառվեր   մարդկանց նկատմաբ:  Բացի այդ, հայցվոր ընկերության ներկայացուցիչը հայցադիմումում հաստատում է, որ ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալետան  և մի շարք աշխատողներ աշխատանքից հեռացվել են  էլեկտրաշոկ ձեռք բերելու մտադրության համար: Հարց է առաջանում, եթե ըստ հայցադիմումի, էլեկտրաշոկ կիրառելը մարդկանց որոշակի խմբի նկատմամբ իրավաչափ է, ապա ինչու՞  նախկին տնօրենը և մի շարք այլ աշխատակիցներ պետք է  ազատվեին աշխատանքից», -նշեց Տ. Եգորյանը:

         Սեդրակի նյարդերը կրկին տեղի տվեցին: Նա  հարց ուղղեց անձամբ  Ե. Ներսեսյանին`  «Դուք հերքում չտվեցիք, որովհետև վստա՞հ  էիք, որ դուք ճիշտ եք, թե՞ այլ պատճառով»:  Եղիա Ներսեսյանը  հրաժարվեց պատասխանել:

    Նշենք, որ  մինչ դատավարությունը Եղիա Ներսեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  չի պատրաստվում  հերքել իրականությունը:  «Տրամադրվել են, որ ինձ ստիպեն, որ հերքեմ,  բայց ես չեմ հերքելու», - ասաց նա:

       Դատավարության ընթացքից հետո «Դինո Գոլդ Մայնյինգ» ՓԲԸ վարչական տնօրեն Հրաչ Ջաբրայանը լրագրողներին տված հարցազրույցում կրկին հերքեց էլեկրտաշոկ գնելու  մասին լուրերը. «Դինո Գոլդ Մայնինգ»-ը էլեկտրաշոկ  երբեք չի գնել»,- ասաց նա: Լրագրողի հարցին` ինչպե՞ս կպարզաբանեք 1in.am կայքում  զետեղված հոդվածը, ըստ որի`  աշխատակիցները հաստատում են, որ էլեկտրաշոկ այնուամենայնիվ գնվել է,Հ. Ջաբրայանը պատասխանեց. «Ես ինչպես հասկացա, նախկին տնօրինությունը մտադրություն ունեցել է էլեկտրաշոկ ձեռք բերել  պահայակին ծառայության  համար, բայցևայնպես երբևէ ձեռք չի բերվել: Երբ ստանձնեցի  «Դինո Գոլդ»-ի վարչական տնօրենի պաշտոնը,  խոսեցի արհմիության ներկայացուցիչների, աշխատավորների հետ,  բոլորն էլ հերքեցին, որ էլեկտրաշոկ է մտել «Դինո Գոլդ»-ի տարածք, թեև խոսակցություններ եղել են»,-ա սաց  Հրաչ Ջաբրայանը:

      «Դինո Գոլդ»-ի վարչական տնօրենը  չկամեցավ որևէ որակում  տալ Եղիա Ներսեսյանի   հայտարարությանը.  «Քանի որ դատական նիստը դեռ շարունակվում է, ճիշտ չեմ համարում խոսել այդ մասին, որպեսզի չազդի դատական նիստի վրա:  Այստեղ պատվի  հարցն է,  մենք «Դինո Գոլդ»-ը դիտարկում ենք որպես  ՀՀ-ում առաջնակարգ ընկերություն, մեզ համար անվտանգությունը և բնապահպանությունը, հարգանքը և մարդկային փոխհարաբերությունները  առաջին տեղն են զբաղեցնում,  և մենք չենք ուզում  ընկերության հասցեին  այսպիսի հայտարարություններ  արվեն»,- ասաց Հ. Ջաբրայանը:

        Եղիա Ներսեսյանն էլ իր հերթին առանձնացրեց մի քանի  բացթողում և կեղծ տեղեկություններ, որոնք հնչեցրեց փաստաբան Գևորգ Հակոբյանը: Խոսքը մասնավորապես youtube-ի հղումի մասին է, երբ դատավոր Արմեն Դանիելյանը  հարցրեց հայցվորին, թե ով է տեղադրել հղումը, Եղիա՞ն է տեղադրել,  Գևորգ Հակոբյանը   կարկամեց և չկարողացավ հստակ պատասխանել` ասելով, որ ինչ-որ բնապահպանական կազմակերպություն է տեղադրել, որի անդամն է նաև Եղիան: Ե. Ներսեյանը լրագրողների հետ զրույցում  ասաց, որ այդ տեղեկությունը կեղծ է և հստակ գրված է տեղադրողի անունը. «Իրականում այդ տեսանյութը տեղադրել է Ամերիկայի Դաշնակցության գրասենյակը, և  ես  որևէ առնչություն  չունեմ այդ գրասենյակի հետ»,- ասաց Եղիա Ներսեսյանը:

          Հանրությունը ծափողջուններով դիմավորեց փաստաբան Տիգրան Եգորյանին, իսկ «Դինո Գոլդ»-ի ներկայացուցիչներին «ամոթ ամոթ», «ռադ եղեք», «նստեք ջիպերը, փախեք ձեր բները, որոնք գնել եք ժողովրդին թալանելով» և այլ գոչյուններով: Նրանք շրջապատել էին գործարարների մեքենաները և թույլ չէին տալիս շարժվել:

Այնտեղ էր գտնվում նաև «Դինո Գոլդ»-ի գովքով զբաղված «Խուստուփ» հեռուստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանը, ով վերջին շրջանում ֆեյսբուքում ակտիվորեն այս կամ այն նյութի հետ կապված չէր զլանում իր դիտարկումներն անելուց բացի նաև անձամբ Ե. Ներսեսյանի հասցեինվիրավորանքներ հնչեցնել. «Եղիա Ներսեսյանն ո՞վ է, որ պետք է զինվորական շորեր   հագնի և խոսա»,- ասել էր նա իր գրառումներից մեկում: Ի պատասխան` Եղիան հրապարակային հնչեցնելով այդ խոսքերը` ասաց. «Դուք բոլորդ ձեր հայրենիքի զինվորներն եք, անկախ նրանից, թե  ինչ շորեր եք հագնում, իսկ այսօր մեր ապագա սերնդի ընդերքը թալնողները  փախչելու են այն ժամանակ, երբ մենք Սյունիքն ազատագրենք»,-հայտարարեց Եղիան` դիմելով ակտիվիստներին: Սասուն Մանուկյանը կարողացավ միայն ասել` մի կարծեք ձեզ ավելի մեծ հայրենասերներ:

 Հաջորդ Դատական նիստը կկայանա մոտ երեք շաբաթից:

Սաթենիկ Աբրահամյան

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում