Ավարտվեց «Թուխմանուկ» ոսկու հարստացուցիչ հանքի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները

Բնապահպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել <Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով «Մեգո Գոլդ» ՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի մասնագիտական լսումները:

Նախարար Արամ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվող մասնագիտական լսումների ընթացքում «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանը ներկայացրել է այն փաստաթղթերի փաթեթը, որով նախատեսվում է հանքի պոչամբարի շահագործումը: Մասնագիտական լսման ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները, դիտողություններն ու մասնագիտական կարծիքները պոչամբարի շահագործման շուրջ: Նախարար Արամ Հարությունյանը հանձնարարել է հաջորդ շաբաթվա ընթացքում՝ ամենասեղմ ժամկետներում, գրավոր ներկայացնել բոլոր առաջարկություններն ու կարծիքները, որից հետո կտրվի համապատասխան եզրակացություն:

Ավարտին Արամ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնագիտական քննարկմանը մասնակցելու և մասնագիտական կարծիքներ հայտնելու համար և նշել, որ գոհ է հանրային լսման ընթացքից:

Մասնագիտական լսումներին մասնավորապես մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ Լյովա Խաչատրյանը և Նիկոլ Փաշինյանը, Բնապահապանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների ԻՏ փորձագետ Նատալիա Մանուկյանը, Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նաիրա Մանդալյանը, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը, Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, Հայաստանի Օրհուս կենտրոնների հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Չաքրյանը:

ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժին

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում